Լրահոս

20.02.2012 16:44


Մարգար Օհանյան. «Իմ հանդեպ հաշվեհարդար է իրականացվում»

Մարգար Օհանյան. «Իմ հանդեպ հաշվեհարդար է իրականացվում»

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն իր ցուցմունքներում նշել է, որ իր պաշտոնավարման տարիներին համակարգը մի շարք ձեռքբերումներ է ունեցել, իսկ եթե ինքը պետական միջոցների յուրացում կատարած լիներ, ապա այդպիսի արդյունքներ չէին գրանցվի։

–Իմ հանդեպ հաշվեհարդար է իրականացվում։ Ես ծանր արարք չեմ գործել,–հայտարարել է Մ. Օհանյանը,–ինձ վստահված որևէ գույք ես չեմ հափշտակել: Այդ մեղադրանքն ինձ չի կպնում, սո՛ւտ է, ես ոչ մի կապ չեմ ունեցել և ոչ էլ կարող էի ունենալ: Ազատությունը մարդու համար շատ թանկ է: Ոչ բոլորը կարող են մնալ անազատության մեջ և իրենց ճիշտը առաջ տանել, այլ ոչ թե սուտ ցուցմունքներ տալ ու փրկել կաշին։

 Նա նաև պնդել է, որ չէր կարող Արա Լևոնյանին ասել, որ բենզինը պակաս տա, որովհետև ինքն էլ ավելացածը վերևներին է տալու.

–Վերևում ինձնից սպասող էլ չկար: Պետք է վերևներն արած լինեին, որ ասեմ։ Դավաճանությունը ես չեմ կարող ներել, գոնե Արա Լևոնյանը մեկ հարցին պատասխանի, թե ո՞վ է այս զրպարտությունը սովորեցրել, և ի՞նչ երաշխիք են տվել:

 Մարգար Օհանյանը նշել է նաև, որ իր դեմ տրված ցուցմունքները սուտ են և սարքովի, իսկ ամբաստանյալ Արա Լևոնյանը թող պատասխանի, թե ով կամ ովքեր են իր համար բարեխոսել, ինչ խոստումներ են տվել Մարգար Օհանյանի դեմ ցուցմունք տալու համար.

–Ես անմեղ եմ: Ես բենզին չեմ յուրացրել, չեմ կարող բենզին յուրացնել: Բենզին եք տվե՞լ ինձ, որ յուրացնեմ,-պնդել է Մարգար Օհանյանը:

 Նա տվել է նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը